Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է «ԱԹԵՆԱՍՈՖԹ» ՍՊԸ-ի (պետական գրանցման համար՝ 999.110.1615519, ՀՎՀՀ՝ 08336209) (այսուհետ՝ «Guarantor») կողմից guarantor.am կայքի և «GUARANTOR» հարթակի միջոցով անձնական տվյալների մշակման նպատակները, իրավական հիմքերը, կարգն ու պայմանները, տվյալների պաշտպանության միջոցները, ինչպես նաև տվյալների սուբյեկտների իրավունքները և դրանց իրականացման կարգը։ Քաղաքականությունը մշակվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (ՀՕ-49-Ն, այսուհետ՝ «Օրենք») համապատասխան։
1Ընդհանուր դրույթներ
1.1.Սույն Քաղաքականությունը տարածվում է Կայքի և Հարթակի միջոցով Guarantor-ի կողմից մշակվող բոլոր անձնական տվյալների վրա և պարտադիր է Guarantor-ի աշխատակիցների և լիազորված անձանց համար։
1.2.Անձնական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ օրինականության, համաչափության, հավաստիության և սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքների պահպանմամբ։
1.3.Գործընկերների կողմից Հարթակի օգտագործման ընթացքում անձնական տվյալների մշակման լրացուցիչ պայմանները սահմանված են Հրապարակային օֆերտայով։ Հրապարակային օֆերտայի և սույն Քաղաքականության միջև հակասության դեպքում Գործընկերոջ հետ հարաբերություններում գերակայում է Հրապարակային օֆերտան։
1.4.Սույն Քաղաքականությունը կազմված է հայերեն։ Ռուսերեն և անգլերեն տարբերակները տրամադրվում են տեղեկատվական նպատակով. դրանց և հայերեն տարբերակի միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։
2Սահմանումներ
2.1.Սույն Քաղաքականությունում «անձնական տվյալ», «անձնական տվյալների մշակում», «անձնական տվյալներ մշակող», «տվյալների սուբյեկտ», «լիազորված անձ», «երրորդ անձ», «անձնական տվյալների ուղեփակում», «անձնական տվյալների ոչնչացում» և «անձնական տվյալների ապանձնավորում» հասկացությունները կիրառվում են Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված իմաստով։
2.2.«Կայք»՝ guarantor.am ինտերնետային կայքը։
2.3.«Հարթակ»՝ վեբ, բջջային և ծրագրային միջերեսի (API) միջոցով հասանելի «GUARANTOR» ծրագրային համակարգը, որի միջոցով Գործընկերները թողարկում և սպասարկում են Երաշխիքային գրառումներ, իսկ Սպառողները ստանում, պահպանում և ներկայացնում են դրանք։
2.4.«Օգտատեր»՝ Կայքից կամ Հարթակից օգտվող ֆիզիկական անձ, այդ թվում՝ Սպառողը, ինչպես նաև Գործընկերոջ ներկայացուցիչը կամ աշխատակիցը։
2.5.«Գործընկեր», «Սպառող», «Երաշխիքային գրառում» և «Հրապարակային օֆերտա» հասկացությունները կիրառվում են Օգտագործման պայմաններով և Հրապարակային օֆերտայով սահմանված իմաստով։
2.6.«Լիազոր մարմին»՝ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
3Անձնական տվյալներ մշակողը
3.1.Guarantor-ը հանդիսանում է անձնական տվյալներ մշակող Օգտատերերի հաշիվների, նույնականացման և անվտանգության, Գործընկերների հետ պայմանագրային հարաբերությունների և հաշվարկների, ինչպես նաև Guarantor-ի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարման նպատակով մշակվող անձնական տվյալների մասով։
3.2.Գործընկերոջ կողմից Երաշխիքային գրառման մեջ ներառվող՝ Սպառողին վերաբերող տվյալների (ձեռք բերված ապրանքի կամ ծառայության, գնի, երաշխիքային պայմանների, երաշխիքային պահանջների և այլ տվյալների) մասով անձնական տվյալներ մշակող է հանդիսանում Երաշխիքային գրառումը թողարկած Գործընկերը։ Guarantor-ը այդ տվյալները մշակում է Գործընկերոջ հանձնարարությամբ՝ որպես լիազորված անձ՝ Օրենքի 14-րդ հոդվածին և Հրապարակային օֆերտային համապատասխան։
3.3.Գործընկերը պատասխանատու է Հարթակ մուտքագրվող անձնական տվյալների մշակման իրավական հիմքի առկայության, դրանց ճշգրտության, ինչպես նաև տվյալների սուբյեկտներին Օրենքով պահանջվող տեղեկատվության տրամադրման համար։
3.4.Guarantor-ի պաշտոնական տվյալները ներկայացված են սույն Քաղաքականության վերջում։
4Մշակվող անձնական տվյալները
4.1.Guarantor-ը մշակում է անձնական տվյալների հետևյալ կատեգորիաները՝
- ա) նույնականացման և կապի տվյալներ՝ անուն, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, Հարթակում տրամադրվող GuarantorID նույնականացուցիչ, ինչպես նաև Օգտատիրոջ ցանկությամբ լրացվող ծննդյան ամսաթիվ, սեռ և ժամային գոտի;
- բ) հաշվի տվյալներ՝ գաղտնաբառի կրիպտոգրաֆիկ հեշ, էլեկտրոնային փոստի հասցեի և հեռախոսահամարի հաստատման կարգավիճակ, հաշվի գրանցման, ակտիվացման և Հարթակ մուտք գործելու ամսաթվեր;
- գ) Երաշխիքային գրառումների տվյալներ՝ ապրանքի կամ ծառայության, ձեռքբերման, գնի, երաշխիքային ժամկետի և պայմանների մասին տվյալներ, Երաշխիքային գրառման ստուգման և այլ Օգտատերերի հետ կիսվելու մասին տվյալներ, ինչպես նաև երաշխիքային պահանջների նկարագրություններ և դրանց կից փաստաթղթեր;
- դ) Գործընկերոջ ներկայացուցիչների և աշխատակիցների տվյալներ՝ անուն, կապի տվյալներ, Գործընկերոջ հաշվում նրանց դերեր և թույլտվություններ, ինչպես նաև Գործընկերոջ կոնտակտային անձի տվյալներ;
- ե) իրավական փաստաթղթերի ընդունման տվյալներ՝ ընդունված փաստաթղթի տեսակ և խմբագրություն, ընդունման պահ, IP հասցե և դիտարկչի մասին տվյալներ (user agent);
- զ) տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, դիտարկչի և սարքի մասին տվյալներ, Հարթակում կատարված գործողությունների և անվտանգության իրադարձությունների գրանցումներ;
- է) վճարումների և բաժանորդագրության տվյալներ՝ Գործընկերոջ սակագնային պլան, հաշվարկներ, վճարային փաստաթղթեր և վճարումը հաստատող փաստաթղթեր։
4.2.Գործընկերոջ՝ որպես իրավաբանական անձի, անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը և այլ կազմակերպական տվյալներն անձնական տվյալներ չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ Գործընկերը անհատ ձեռնարկատեր է կամ տվյալները վերաբերում են ֆիզիկական անձի։
4.3.Guarantor-ը չի հավաքում հատուկ կատեգորիայի և կենսաչափական անձնական տվյալներ։ Գործընկերներին և Օգտատերերին արգելվում է նման տվյալներ մուտքագրել Հարթակ, այդ թվում՝ Երաշխիքային գրառումներում, երաշխիքային պահանջների նկարագրություններում և կից փաստաթղթերում։
4.4.Հարթակում գրանցվելու և Երաշխիքային գրառումներ ստանալու համար անհրաժեշտ են Օգտատիրոջ անունը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ հեռախոսահամարը։ Այդ տվյալները չտրամադրելու դեպքում Հարթակի ծառայությունների մատուցումն անհնար է։ Ծննդյան ամսաթվի և սեռի տրամադրումը կամավոր է։
5Մշակման նպատակները
5.1.Guarantor-ը մշակում է անձնական տվյալները հետևյալ նպատակներով՝
- ա) Օգտատերերի գրանցում, նույնականացում և հաշիվների սպասարկում;
- բ) Երաշխիքային գրառումների ստեղծում, Սպառողին տրամադրում, պահպանում, ստուգում, ինչպես նաև Սպառողի նախաձեռնությամբ այլ Օգտատերերի հետ կիսվելու ապահովում;
- գ) երաշխիքային պահանջների գրանցում և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում Սպառողին;
- դ) Հարթակի գործունեությանն առնչվող ծառայողական ծանուցումների ուղարկում էլեկտրոնային փոստով, SMS հաղորդագրությամբ կամ Հարթակի միջոցով;
- ե) Հարթակի և հաշիվների անվտանգության ապահովում, չարտոնված մուտքի և չարաշահումների կանխում ու բացահայտում;
- զ) Գործընկերների հետ պայմանագրերի կնքում և կատարում, այդ թվում՝ հաշվարկներ և վճարումներ;
- է) իրավական փաստաթղթերի ընդունման փաստի ամրագրում;
- ը) Օգտատերերի դիմումների և հարցումների քննարկում;
- թ) Guarantor-ի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարում։
5.2.Անձնական տվյալները չեն օգտագործվում սույն Քաղաքականությամբ չնախատեսված նպատակներով՝ առանց տվյալների սուբյեկտի համաձայնության։
5.3.Գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկվում են միայն Օգտատիրոջ առանձին համաձայնության առկայության դեպքում, որը կարող է հետ կանչվել ցանկացած ժամանակ։
5.4.Guarantor-ը կարող է օգտագործել ապանձնավորված և համախմբված տվյալներ վիճակագրական և վերլուծական նպատակներով, ինչպես նաև Հարթակի բարելավման համար։
6Մշակման իրավական հիմքերը
6.1.Անձնական տվյալները մշակվում են Օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներին համապատասխան՝ հետևյալ հիմքերով՝
- ա) տվյալների սուբյեկտի համաձայնություն, որը համարվում է տրված, երբ անձնական տվյալները ստացվել են տվյալների սուբյեկտի հետ կնքված պայմանագրի, այդ թվում՝ Հարթակում գրանցվելիս ընդունված Օգտագործման պայմանների հիման վրա և օգտագործվում են այդ պայմանագրով նախատեսված գործողությունների նպատակով (Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ);
- բ) տվյալների սուբյեկտի առանձին համաձայնություն՝ սույն Քաղաքականության 5.3 կետով նախատեսված դեպքում;
- գ) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքեր (Օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մաս);
- դ) Երաշխիքային գրառումների տվյալների մասով՝ Գործընկերոջ հանձնարարություն (Օրենքի 14-րդ հոդված)։
6.2.Տասնվեց տարին չլրացած, անգործունակ կամ սահմանափակ գործունակ տվյալների սուբյեկտի անձնական տվյալների մշակման համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը (Օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաս)։
6.3.Իրավական փաստաթղթերի ընդունման փաստը Guarantor-ն ամրագրում է սույն Քաղաքականության 4.1 կետի «ե» ենթակետով նախատեսված տվյալների պահպանմամբ։
7Անձնական տվյալների տրամադրումը երրորդ անձանց
7.1.Անձնական տվյալները երրորդ անձանց տրամադրվում են բացառապես հետևյալ դեպքերում և նպատակին համապատասխան նվազագույն ծավալով՝
- ա) Երաշխիքային գրառումը թողարկած Գործընկերոջը՝ տվյալ Երաշխիքային գրառման սպասարկման, ստուգման և դրա հետ կապված երաշխիքային պահանջների քննարկման համար;
- բ) տվյալների սուբյեկտի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ, այդ թվում՝ երբ Սպառողը Երաշխիքային գրառումը կիսում է այլ Օգտատիրոջ հետ կամ այն ներկայացնում է ստուգման;
- գ) բանկերին և վճարային ծառայություններ մատուցող կազմակերպություններին՝ միայն վճարման կատարման համար անհրաժեշտ տվյալները;
- դ) իրավասու պետական մարմիններին՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայացված պահանջի հիման վրա;
- ե) Օրենքով և այլ օրենքներով նախատեսված այլ դեպքերում։
7.2.Guarantor-ը կարող է անձնական տվյալների մշակման առանձին գործողություններ, այդ թվում՝ տվյալների պահպանումը և ծանուցումների առաքումը, հանձնարարել լիազորված անձանց՝ Օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան գրավոր հանձնարարականի հիման վրա, որով սահմանվում են մշակման նպատակը, մշակվող տվյալների ցանկը և տվյալների պաշտպանության տեխնիկական ու կազմակերպական միջոցները։ Լիազորված անձը մշակում է անձնական տվյալները բացառապես հանձնարարականի շրջանակում և պարտավոր է ապահովել դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը։
7.3.Վճարային քարտի տվյալները (քարտի համարը, CVV/CVC կոդը) մուտքագրվում և մշակվում են բացառապես բանկի կամ վճարային ծառայություն մատուցողի՝ PCI DSS ստանդարտին համապատասխանող միջավայրում։ Guarantor-ը չունի այդ տվյալների հասանելիություն և չի պահպանում դրանք։
8Անձնական տվյալների փոխանցումն այլ պետություններ
8.1.Անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ պետություն, այդ թվում՝ պահպանվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող սերվերներում, եթե դա բխում է մշակման նպատակներից կամ անհրաժեշտ է դրանց իրականացման համար, կամ տվյալների սուբյեկտի համաձայնությամբ (Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մաս)։
8.2.Առանց Լիազոր մարմնի թույլտվության անձնական տվյալները փոխանցվում են միայն այն պետություններ, որոնք ապահովում են անձնական տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Լիազոր մարմնի կողմից պաշտոնապես հրապարակված ցանկում ընդգրկված լինելու հիմքով։ Այլ պետություններ անձնական տվյալները կարող են փոխանցվել միայն Լիազոր մարմնի թույլտվությամբ՝ Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված կարգով։
9Պահպանման ժամկետները
9.1.Անձնական տվյալները պահպանվում են մշակման նպատակներին հասնելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով (Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս), մասնավորապես՝
- ա) հաշվի տվյալները՝ հաշվի գործողության ողջ ընթացքում;
- բ) Երաշխիքային գրառումների և երաշխիքային պահանջների տվյալները՝ Երաշխիքային գրառման գործողության ժամկետի ընթացքում, իսկ դրա ավարտից հետո՝ դրանից բխող պահանջների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետի ընթացքում;
- գ) վճարումների, վճարային փաստաթղթերի և իրավական փաստաթղթերի ընդունման տվյալները՝ հաշվապահական, հարկային և այլ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան պայմանագրային հարաբերությունների ավարտից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքում;
- դ) տեխնիկական տվյալները և անվտանգության իրադարձությունների գրանցումները՝ Հարթակի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ ժամկետով։
9.2.Մշակման նպատակին հասնելու կամ պահպանման ժամկետի ավարտի դեպքում Guarantor-ը դադարեցնում է անձնական տվյալների մշակումը և ոչնչացնում կամ ապանձնավորում է դրանք, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով (Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մաս, 21-րդ հոդվածի 5-րդ մաս)։
9.3.Հաշվի փակման դեպքում հաշվի տվյալները ոչնչացվում կամ ապանձնավորվում են, բացառությամբ այն տվյալների, որոնց պահպանումը նախատեսված է սույն Քաղաքականության 9.1 կետի «բ» և «գ» ենթակետերով։
10Անձնական տվյալների անվտանգությունը
10.1.Guarantor-ը կիրառում է իրավական, կազմակերպական և տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալները պատահական կորստից, տեղեկատվական համակարգեր չարտոնված մուտքից, ապօրինի օգտագործումից, գրանցումից, ոչնչացումից, փոփոխումից, ուղեփակումից, պատճենումից, տարածումից և այլ միջամտությունից պաշտպանելու համար (Օրենքի 19-րդ հոդված), այդ թվում՝
- ա) Կայքի և Հարթակի հետ տվյալների փոխանակում բացառապես գաղտնագրված կապուղիներով;
- բ) գաղտնաբառերի պահպանում միայն կրիպտոգրաֆիկ հեշի տեսքով, ինչը բացառում է դրանց վերականգնումը բաց տեսքով;
- գ) Երաշխիքային գրառումների թվային ստորագրում՝ դրանց ամբողջականությունն ու իսկությունը ստուգելու հնարավորությամբ;
- դ) տվյալների հասանելիության սահմանափակում՝ դերերի և թույլտվությունների հիման վրա, ինչպես նաև ադմինիստրատիվ գործողությունների գրանցում;
- ե) Հարթակ մուտք գործելու անհաջող փորձերի սահմանափակում և նույնականացման սեսիաների վերահսկում։
10.2.Guarantor-ի աշխատակիցները և լիազորված անձինք պարտավոր են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես իրենց պարտականությունների կատարման ընթացքում, այնպես էլ դրանց ավարտից հետո (Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մաս)։
10.3.Էլեկտրոնային համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում Guarantor-ն անհապաղ հրապարակում է հայտարարություն այդ մասին՝ միաժամանակ հաղորդելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և Լիազոր մարմնին (Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս), և առանց անհարկի ձգձգման տեղեկացնում է շահագրգիռ Օգտատերերին ու Գործընկերներին։
10.4.Օգտատերը պատասխանատու է իր հաշվի մուտքի տվյալների գաղտնիության համար և պարտավոր է անհապաղ տեղեկացնել Guarantor-ին իր հաշվի չարտոնված օգտագործման կամ դրա կասկածի մասին։
11Տվյալների սուբյեկտի իրավունքները
11.1.Օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան՝ տվյալների սուբյեկտն իրավունք ունի՝
- ա) ստանալ տեղեկություն իր անձնական տվյալների մշակման փաստի, հիմքերի և նպատակների, մշակման եղանակների, մշակվող տվյալների ցանկի և դրանց ստացման աղբյուրի, մշակման ժամկետների, մշակողի և նրա գտնվելու վայրի, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց տրամադրվել են կամ կարող են տրամադրվել իր անձնական տվյալները;
- բ) ծանոթանալ իր անձնական տվյալներին;
- գ) պահանջել ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե դրանք թերի են, ոչ ճշգրիտ, հնացած, ձեռք են բերվել ապօրինի ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակման նպատակներին հասնելու համար;
- դ) հետ կանչել անձնական տվյալների մշակման իր համաձայնությունը՝ Օրենքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով;
- ե) բողոքարկել Guarantor-ի գործողությունները կամ անգործությունը Լիազոր մարմնում կամ դատական կարգով;
- զ) օրենքով սահմանված կարգով պահանջել պատճառված վնասի հատուցում։
11.2.Տեղեկատվությունը տվյալների սուբյեկտին տրամադրվում է անվճար, մատչելի ձևով և առանց այլ տվյալների սուբյեկտների անձնական տվյալների (Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասեր)։
11.3.Համաձայնության հետ կանչումը չի ազդում մինչ այդ իրականացված մշակման օրինականության վրա։ Եթե առանց համապատասխան տվյալների մշակման Հարթակի ծառայությունների մատուցումն անհնար է, համաձայնության հետ կանչումը հանգեցնում է հաշվի փակման, իսկ սույն Քաղաքականության 9.1 կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված տվյալները պահպանվում են այնտեղ սահմանված ժամկետներում։
11.4.Եթե պահանջը վերաբերում է Գործընկերոջ կողմից թողարկված Երաշխիքային գրառման տվյալներին, որոնց մասով անձնական տվյալներ մշակող է Գործընկերը, Guarantor-ը պահանջը փոխանցում է տվյալ Գործընկերոջը և Օրենքով սահմանված շրջանակում աջակցում է դրա կատարմանը։
12Դիմումների ներկայացման և քննարկման կարգը
12.1.Իրավունքներն իրականացնելու համար տվյալների սուբյեկտը, նրա լիազորագրով գործող ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը Guarantor-ին ներկայացնում է գրավոր դիմում՝ Guarantor-ի գտնվելու վայրի հասցեով, կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային դիմում՝ Կայքի «Կապ» բաժնում նշված պաշտոնական կապի միջոցներով (Օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մաս)։
12.2.Դիմողի ինքնությունը հաստատելու և անձնական տվյալները երրորդ անձանց չտրամադրելու նպատակով Guarantor-ը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ։
12.3.Guarantor-ը գրավոր դիմումն ստանալուց հետո՝
- ա) հինգ օրվա ընթացքում տրամադրում է պահանջվող տեղեկությունը կամ անձնական տվյալներին ծանոթանալու հնարավորություն (Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մաս);
- բ) անհապաղ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում լրացնում, թարմացնում, ուղղում, ուղեփակում կամ ոչնչացնում է թերի, ոչ ճշգրիտ, հնացած, ապօրինի ձեռք բերված կամ մշակման նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալները (Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մաս);
- գ) պահանջը մերժելու դեպքում հինգ օրվա ընթացքում դիմողին և Լիազոր մարմնին տրամադրում է հիմնավորված գրավոր որոշում՝ հղում կատարելով մերժման հիմք հանդիսացած օրենսդրական դրույթներին (Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մաս)։
13Cookie-ֆայլեր և դիտարկչի պահոց
13.1.Կայքը չի օգտագործում վերլուծական, հետագծող կամ գովազդային cookie-ֆայլեր, ինչպես նաև երրորդ անձանց վերլուծական գործիքներ։
13.2.Հարթակն օգտագործում է միայն տեխնիկապես անհրաժեշտ cookie-ֆայլեր և դիտարկչի պահոցի (local storage, session storage) տարրեր՝ Օգտատիրոջ նույնականացման, մուտքի սեսիայի պահպանման, անվտանգության ապահովման և ընտրված լեզուն հիշելու համար։ Դրանք անհրաժեշտ են Հարթակի աշխատանքի համար և չեն օգտագործվում Օգտատիրոջ գործողությունները հետագծելու նպատակով։
13.3.Օգտատերը կարող է դիտարկչի կարգավորումներում արգելափակել կամ ջնջել cookie-ֆայլերը, սակայն այդ դեպքում Հարթակի որոշ գործառույթներ, այդ թվում՝ մուտք գործելը, կարող են անհասանելի դառնալ։
14Եզրափակիչ դրույթներ
14.1.Guarantor-ը կարող է փոփոխել սույն Քաղաքականությունը։ Փոփոխված Քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Կայքում հրապարակման պահից, եթե դրանով այլ ժամկետ նախատեսված չէ։
14.2.Էական փոփոխությունների մասին Guarantor-ը Օգտատերերին տեղեկացնում է Հարթակի կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
14.3.Սույն Քաղաքականության գործող խմբագրությունը մշտապես հասանելի է Կայքում։
14.4.Սույն Քաղաքականությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
Անձնական տվյալներ մշակողի տվյալները
- Լրիվ անվանում
- «ԱԹԵՆԱՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
- ՀՎՀՀ
- 08336209
- Պետական գրանցման համար
- 999.110.1615519
- Գտնվելու վայր
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փ. 8/1 շենք, բն. 60, 0014
- Էլ. փոստ
- info@guarantor.am