Սույն հրապարակային օֆերտան («Օֆերտա») հանդիսանում է «ԱԹԵՆԱՍՈՖԹ» ՍՊԸ-ի (պետական գրանցման համար՝ 999.110.1615519, ՀՎՀՀ՝ 08336209, գտնվելու վայր՝ ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փ. 8/1 շենք, բն. 60, 0014) (այսուհետ՝ «Guarantor» կամ «Կատարող») կողմից ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով անորոշ շրջանակի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հասցեագրված հրապարակային առաջարկ (օֆերտա)՝ «GUARANTOR» հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») Հրապարակային պլաններով նախատեսված ծառայությունների մատուցման վերաբերյալ։ Օֆերտայի ամբողջական և անվերապահ ընդունումը (ակցեպտը) համարվում է Կողմերի միջև ծառայությունների մատուցման կնքված պայմանագիր («Պայմանագիր»)՝ առանց լրացուցիչ թղթային փաստաթղթի կամ ստորագրության։
1Ընդհանուր դրույթներ և օֆերտայի ընդունումը (ակցեպտ)
1.1.Սույն Օֆերտայի ամբողջական և անվերապահ ընդունումը իրականացվում է բացառապես Հարթակի միջոցով՝ Գործընկերոջ գրանցման կամ Հրապարակային պլան ընտրելու փուլում, «Ես կարդացել և ընդունում եմ Ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտայի պայմանները» դաշտի նշագրմամբ (checkbox) և դրան հաջորդող հաստատող գործողության (գրանցում/բաժանորդագրություն) կատարմամբ։
1.2.Վերոնշյալ գործողությունը հանդիսանում է ակցեպտ և իրավաբանական ուժով համարժեք է Պայմանագրի ստորագրմանը։ Ակցեպտի պահը, Գործընկերոջ օգտահաշիվը և կատարած գործողությունը գրանցվում են Հարթակի համակարգային մատյաններում և ծառայում են որպես Պայմանագրի կնքման փաստի ապացույց։
1.3.Պայմանագիրը կնքված է համարվում ակցեպտի պահից։ Մինչ այդ պահը Հարթակի Հրապարակային պլանի գործառույթներից օգտվելը հնարավոր չէ։
1.4.Հարթակի հետագա շարունակական օգտագործումը յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակաշրջանում հաստատում է Պայմանագրի գործողության շարունակականությունը գործող պայմաններով, ներառյալ՝ սույն Օֆերտայի՝ 20-րդ բաժնով նախատեսված կարգով կատարված փոփոխությունները։
2Կիրառման շրջանակը
2.1.Սույն Օֆերտան կիրառվում է բացառապես այն Գործընկերների նկատմամբ, ովքեր օգտվում կամ ցանկանում են օգտվել Հարթակի Հրապարակային պլաններից՝ Կատարողի կողմից Հարթակի կատալոգում հրապարակայնորեն առաջարկվող, նախապես սահմանված սակագներով ծառայությունների փաթեթներից։
2.2.«Enterprise» և «Integration API» պլաններով սպասարկումը, այդ թվում՝ անհատապես բանակցված սակագները, ծավալային պայմանները և հատուկ ինտեգրումները, սույն Օֆերտայով չեն կարգավորվում և իրականացվում են բացառապես Կողմերի առանձին ստորագրած գրավոր պայմանագրի հիման վրա։
2.3.Եթե Գործընկերը Հարթակի ինքնասպասարկման գործիքով անցնում է մեկ Հրապարակային պլանից մյուսին, փոփոխության պահից կիրառելի է նոր պլանի պայմանները՝ սույն Օֆերտայի շրջանակներում։ Հրապարակային պլանից Enterprise կամ Integration API պլան անցնելը հնարավոր է միայն 2.2 կետով նախատեսված առանձին պայմանագրի կնքմամբ։
3Սահմանումներ
3.1.«Հարթակ»՝ Guarantor-ի վեբ, բջջային, API և հարակից ծրագրային միջավայրերը, որոնց միջոցով կառավարվում են Գործընկերոջ ընկերությունը, աշխատակիցները, երաշխիքային օբյեկտները, պայմանները, գրառումները, ծանուցումները, ստուգումները և հաշվարկները։
3.2.«Երաշխիքային օբյեկտ»՝ Գործընկերոջ կողմից առաջարկվող ապրանք կամ ծառայություն, որի համար Հարթակում սահմանվում են անվանում, նկարագրություն, գին/արժույթ, ժամկետային կամ չափային սահմանաչափ, իրավական պայմաններ և այլ տվյալներ։
3.3.«Երաշխիքային գրառում»՝ Գործընկերոջ կողմից Հարթակում ստեղծված թվային գրառում կոնկրետ Սպառողի, ապրանքի կամ ծառայության և Գործընկերոջ ստանձնած երաշխիքային պայմանների վերաբերյալ։ PDF վկայականը, QR-ը, հղումը կամ ծանուցումը այդ գրառման ներկայացման կամ ստուգման միջոցներ են։
3.4.«Սպառող» կամ «Ստացող»՝ ֆիզիկական անձ, որի օգտին Գործընկերը ստեղծում է Երաշխիքային գրառում կամ ում հետ այն օրինականորեն կիսվում է։
3.5.«Ծանուցման ալիք»՝ էլեկտրոնային փոստ, SMS կամ GuarantorID, որով Գործընկերը ընտրում է Երաշխիքային գրառման առաքումը կամ հասանելի դարձնելը։ Բոլոր Ծանուցման ալիքները հավասարապես հասանելի են բոլոր Հրապարակային պլանների Գործընկերներին։
3.6.«GuarantorID»՝ Հարթակում Սպառողի նույնականացուցիչ, որը կարող է օգտագործվել Երաշխիքային գրառումներ ստանալու, դիտելու, կիսելու կամ ստուգելու համար։
3.7.«Հաշվարկային ժամանակաշրջան»՝ օրացուցային ամիս։
3.8.«Վճարման փաստաթուղթ»՝ Հարթակում ձևավորվող հաշիվը, ակտը կամ վճարման պահանջը, որը ներառում է նախորդ Հաշվարկային ժամանակաշրջանի վճարները։
3.9.«Հրապարակային պլան»՝ Կատարողի կողմից Հարթակի կատալոգում հրապարակայնորեն առաջարկվող, նախապես սահմանված ամսական հիմնական վճարով, ընդգրկված ամսական սահմանաքանակով և գերածավալի սակագնով ցանկացած ծառայությունների փաթեթ, որը Հարթակի ներքին համակարգում դասակարգված է որպես «Standard» տեսակի պլան։ Կատարողը կարող է հրապարակել մեկից ավելի Հրապարակային պլան՝ տարբեր անվանումներով, սահմանաքանակներով և սակագներով, և դրանցից յուրաքանչյուրը հավասարապես կարգավորվում է սույն Օֆերտայով՝ առանց առանձին համաձայնագրի անհրաժեշտության։
3.10.«Ակցեպտ»՝ սույն Օֆերտայի 1-ին բաժնով սահմանված գործողությունը, որի կատարման պահից Օֆերտայի պայմաններով կնքված է համարվում Պայմանագիրը։
4Գրանցում, հաշիվ և լիազորված օգտագործողներ
4.1.Գործընկերը տրամադրում է ճշգրիտ և արդիական գրանցման տվյալներ՝ ներառյալ անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, կապի տվյալները, լիազորված ներկայացուցիչը և պահանջվող նույնականացման փաստաթղթերը, և պատասխանատու է դրանց արդիականության պահպանման համար։
4.2.Գործընկերը նշանակում է առնվազն մեկ ադմինիստրատոր և ինքնուրույն կառավարում է աշխատակիցների հրավերները, դերերը և թույլտվությունները, այդ թվում՝ ընկերության տվյալները խմբագրելու, աշխատակիցներին կառավարելու և Երաշխիքային գրառումներ թողարկելու իրավասությունը։
4.3.Գործընկերը պատասխանատու է իր օգտահաշիվների միջոցով կատարված գործողությունների համար, եթե չի ապացուցում, որ գործողությունն առաջացել է Կատարողի վերահսկողության ներքո գտնվող անվտանգության խախտումից։ Գործընկերը անհապաղ հաղորդում է գաղտնաբառի, սարքի կամ հաշվի կորստի/կասկածելի օգտագործման մասին։
4.4.Կատարողը կարող է իրականացնել ընկերության և ներկայացված տվյալների ստուգում և պահանջել ողջամիտ լրացուցիչ տեղեկություն մինչև ծառայության ամբողջական ակտիվացումը։
5Հարթակի ծառայությունները
5.1.Ընտրված Հրապարակային պլանի սահմաններում Հարթակն ապահովում է հետևյալ հիմնական հնարավորությունները.
- ընկերության պրոֆիլի, մասնաճյուղերի, աշխատակիցների, դերերի և թույլտվությունների կառավարում
- ապրանքների և ծառայությունների՝ որպես Երաշխիքային օբյեկտների, բազմալեզու տվյալների, սահմանաչափերի և իրավական պայմանների կառավարում
- կոնկրետ վաճառքի/ծառայության համար Երաշխիքային գրառման ստեղծում՝ ստացողի, քանակի, գնի, արժույթի, ժամկետի և լրացուցիչ տվյալների ամրագրմամբ
- էլ. փոստով, SMS-ով կամ GuarantorID-ով ծանուցում
- Սպառողի և Գործընկերոջ համար Երաշխիքային գրառման դիտում և PDF վկայականի ներբեռնում
- Երաշխիքային գրառման կիսում և կիսման իրավունքի հետկանչ
- կարճաժամկետ, միանվագ հղմամբ կամ QR-ով պրոֆիլի և Երաշխիքային գրառման ստուգում
- օգտագործման հաշվառում և ամսական Վճարման փաստաթղթերի ներկայացում:
5.2.Երաշխիքային գրառման ստեղծման պահին կիրառելի պայմանները, գինը և սահմանաչափը անշրջելիորեն ամրագրվում են տվյալ գրառման մեջ։ Հետագայում Երաշխիքային օբյեկտի ընդհանուր (կատալոգային) տարբերակի փոփոխությունը չի փոխում արդեն թողարկված գրառման մեջ ամրագրված պայմանները։
5.3.Հարթակը յուրաքանչյուր Երաշխիքային գրառման համար կարող է ստեղծել կրիպտոգրաֆիկ ստորագրություն, thumbprint կամ JWS նշում՝ ամբողջականության և աղբյուրի ստուգման նպատակով։ Այդ տեխնիկական մեխանիզմն ինքնին չի հանդիսանում ՀՀ օրենսդրությամբ վավեր/որակավորված էլեկտրոնային թվային ստորագրություն և չի փոխարինում դրան։
5.4.Էլ. փոստի, SMS-ի, բանկային վճարման և ամպային ենթակառուցվածքի ծառայությունները կարող են գործել իրենց պայմաններով։ Կատարողը պատասխանատու է իր ընտրած ենթակապալառուների պատշաճ կառավարման համար, սակայն չի երաշխավորում անկախ կապի ցանցերի անխափան աշխատանքը։
6Գործընկերոջ պարտավորությունները
6.1.Գործընկերը պարտավորվում է ապահովել, որ Հարթակում մուտքագրված յուրաքանչյուր ապրանք, ծառայություն, գին, նկարագրություն, երաշխիքային ժամկետ, սահմանաչափ և Սպառողի տվյալ լինի ճշգրիտ, ամբողջական, իրավաչափ և չմոլորեցնող։
6.2.Գործընկերը միանձնյա պատասխանատու է ապրանքի/ծառայության որակի, անվտանգության, համապատասխանության և երաշխիքային պահանջների կատարման համար, ներառյալ՝ ըստ կիրառելի դեպքի վերանորոգման, փոխարինման, գնի նվազեցման կամ գումարի վերադարձի համար։
6.3.Գործընկերը մինչև անձնական տվյալները Հարթակ փոխանցելը ապահովում է դրանց մշակման օրինական հիմքը և անհրաժեշտ ծանուցումները։ Գործընկերը չի մուտքագրում առողջության, կենսաչափական, քաղաքական, կրոնական կամ այլ հատուկ կատեգորիայի տվյալներ առանց Կատարողի նախնական գրավոր համաձայնության։
6.4.Գործընկերը պահպանում է իր աշխատակիցների իրավասությունների նվազագույն անհրաժեշտության սկզբունքը և անհապաղ ապաակտիվացնում է այլևս չաշխատող կամ իրավասությունը կորցրած անձանց։
6.5.Արգելվում է Հարթակն օգտագործել կեղծ, ապօրինի, իրավունք խախտող կամ վնասակար բովանդակության, չպահանջված հաղորդագրությունների, խարդախության կամ ծառայության բնականոն աշխատանքը խաթարող գործողությունների համար։
6.6.Գործընկերը պահպանում է Երաշխիքային գրառման հիմքում ընկած վաճառքի/ծառայության ապացույցները և սպառողի պահանջների կատարման պատմությունը՝ առնվազն երեք տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաշվապահական, հարկային, խարդախության կանխարգելման պարտավորությունների կատարման համար ավելի երկար ժամկետ սահմանված չէ։
7Կատարողի պարտավորությունները
7.1.Կատարողը տրամադրում է Հարթակի հասանելիությունը համաձայն ընտրված Հրապարակային պլանի, ողջամիտ մասնագիտական խնամքով իրականացնում է սպասարկումը և պահպանում է օգտագործման հաշվառումը։
7.2.Կատարողը կիրառում է իր վերահսկողության ներքո գտնվող տվյալների և համակարգերի համար համաչափ տեխնիկական ու կազմակերպական միջոցներ՝ հասանելիության կառավարում, գաղտնագրում կամ համարժեք պաշտպանություն, պահուստավորում և խոցելիությունների կառավարում։
7.3.Կատարողը Գործընկերոջ բովանդակությունը մշակում է միայն ծառայությունը մատուցելու, անվտանգության, հաշվարկի կամ իրավական պարտավորությունների նպատակով և չի ձեռք բերում դրա սեփականության իրավունքը։
7.4.Կատարողը ողջամիտ ժամկետում տեղեկացնում է պլանային սպասարկման, էական միջադեպերի կամ ծառայության նյութական փոփոխությունների մասին։
7.5.Կատարողը չի պարտավորվում նախապես վերահսկել Գործընկերոջ յուրաքանչյուր բովանդակության իրավաչափությունը, սակայն ակնհայտ ապօրինի, կեղծ կամ իրավունք խախտող տվյալների մասին տեղեկանալիս կարող է սահմանափակել հասանելիությունը և պահանջել պարզաբանում կամ ուղղում։
8Երաշխիքային պարտավորություն և սպառողների պահանջներ
8.1.Յուրաքանչյուր Երաշխիքային գրառում արձանագրում է Գործընկերոջ, այլ ոչ Կատարողի պարտավորությունը Սպառողի նկատմամբ։ Հարթակի ապրանքանիշը, վկայականը, կոդը, QR-ը կամ տեխնիկական ստորագրությունը չեն նշանակում, որ Կատարողը հաստատել է ապրանքի որակը կամ ստանձնել է հատուցման պարտականություն։
8.2.Գործընկերը Սպառողներին տրամադրում է իր պաշտոնական կապի տվյալները և պահանջների ներկայացման ընթացակարգը, ընդունում ու լուծում է պահանջները կիրառելի օրենքով և իր հրապարակված պայմաններով սահմանված ժամկետներում։
8.3.Ծանուցման չառաքումը, սպամ ֆիլտրը, սխալ էլ. հասցեն/հեռախոսահամարը կամ Սպառողի հաշվի չակտիվացումը չեն վերացնում Գործընկերոջ նյութական երաշխիքային պարտավորությունը։
8.4.Գործընկերը Սպառողներին չի կարող ներկայացնել, որ Guarantor-ը իր ապրանքների պաշտոնական հավաստագրողը, ապահովագրողը կամ ֆինանսական երաշխավորն է։
9Standard պլանի սակագներ, հաշվառում և վճարում
9.1.Կիրառելի Հրապարակային պլանի ամսական հիմնական վճարը, ընդգրկված ամսական սահմաքանակը, արժույթը և գերածավալի մեկ միավորի սակագինը հրապարակվում են Հարթակի կատալոգում և ցուցադրվում Գործընկերոջը գրանցման կամ պլան ընտրելու պահին։ Ակցեպտի պահին ցուցադրված պայմաններն ուժի մեջ են մինչև դրանց՝ սույն բաժնով սահմանված կարգով փոփոխությունը։
9.2.Յուրաքանչյուր Հաշվարկային ժամանակաշրջանում Գործընկերոջը հասանելի է ընտրված պլանի ամսական ընդգրկված սահմաքանակի չափով Երաշխիքային գրառումների թողարկում՝ անկախ օգտագործված Ծանուցման ալիքից, քանի որ բոլոր ալիքները հաշվառվում են հավասարապես։ Սահմաքանակը գերազանցող յուրաքանչյուր Երաշխիքային գրառում հաշվարկվում է գործող գերածավալի սակագնով։
9.3.Սակագների փոփոխությունը երբեք չի կիրառվում ընթացիկ Հաշվարկային ժամանակաշրջանի նկատմամբ հետադարձ ուժով. նոր սակագները կիրառելի են միայն փոփոխությանը հաջորդող Հաշվարկային ժամանակաշրջանից սկսած։
9.4.Կատարողը յուրաքանչյուր ամսվա համար ձևավորում է նախորդ Հաշվարկային ժամանակաշրջանի Վճարման փաստաթուղթ՝ փաստացի հաշվառված սահմաքանակի և գերածավալի հիման վրա։ Գործընկերը վճարում է փաստաթղթի ձևավորման/ստացման օրվանից 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում։
9.5.Վճարման ուշացման դեպքում կիրառվում է 3 (երեք) օրացուցային օր տևողությամբ արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում ծառայությունը շարունակում է գործել։ Այդ ժամկետի ավարտին չվճարված գումարի դեպքում Հարթակն ինքնաշխատ կերպով կասեցնում է Գործընկերոջ հաշիվը՝ նոր Երաշխիքային գրառումների թողարկման մասով, մինչև պարտքի մարումը։ Կասեցումը չի վերացնում մինչ այդ արդեն թողարկված Երաշխիքային գրառումների գծով Գործընկերոջ պարտավորությունները։
9.6.Գործընկերը կարող է ցանկացած պահի Հարթակի ինքնասպասարկման գործիքով դիմել մեկ այլ ակտիվ Հրապարակային պլանի անցնելու համար։ Նոր պլանն ուժի մեջ է մտնում հաջորդ Հաշվարկային ժամանակաշրջանի սկզբից. մինչ այդ կիրառվում է նախկին պլանը։
9.7.Վճարումը կատարվում է բանկային փոխանցմամբ կամ Հարթակի առաջարկած քարտային/այլ եղանակով։ Քարտային վճարման դեպքում քարտի ամբողջ համարը և CVV/CVC-ն մշակվում են բացառապես համապատասխան բանկի կամ PCI DSS-ին համապատասխան վճարային դարպասի միջավայրում. Կատարողը չունի հասանելիություն և չի պահպանում այդ տվյալները։
10Մտավոր սեփականություն
10.1.Հարթակի ծրագրային կոդը, ճարտարապետությունը, դիզայնը, ապրանքային նշանները և փաստաթղթավորումը պատկանում են Կատարողին կամ նրա արտոնատուներին։ Պայմանագիրը սեփականության իրավունք չի փոխանցում Գործընկերոջը։
10.2.Պայմանագրի գործողության ընթացքում Կատարողը Գործընկերոջը տրամադրում է սահմանափակ, ոչ բացառիկ, չփոխանցվող իրավունք՝ օգտագործելու ընտրված գործառույթները միայն իր օրինական գործունեության համար։
10.3.Գործընկերը պահպանում է իր ապրանքների, ծառայությունների, լոգոների և բովանդակության իրավունքները և Կատարողին տալիս է ոչ բացառիկ իրավունք՝ դրանք պահելու և ցուցադրելու այնքանով, որքանով անհրաժեշտ է ծառայությունը մատուցելու համար։
11Գաղտնիություն
11.1.«Գաղտնի տեղեկատվություն» է Կողմերից մեկի կողմից բացահայտված ոչ հրապարակային առևտրային, ֆինանսական, տեխնիկական կամ հաճախորդային տեղեկությունը, որը նշված է որպես գաղտնի կամ իր բնույթով ողջամտորեն պետք է գաղտնի համարվի։
11.2.Ստացող Կողմը Գաղտնի տեղեկատվությունն օգտագործում է միայն Պայմանագրի կատարման համար և բացահայտում է միայն այն աշխատակիցներին/ենթակապալառուներին, որոնց այն անհրաժեշտ է և որոնք կրում են համարժեք գաղտնիության պարտականություն։
11.3.Գաղտնիության պարտականությունը գործում է Պայմանագրի ավարտից հետո 5 (հինգ) տարի, իսկ առևտրային գաղտնիքի և անձնական տվյալների համար՝ այնքան, որքան դրանք պահպանվում են և օրենքով պաշտպանվում։
12Անձնական տվյալների մշակում և գաղտնիության քաղաքականություն
12.1.Սպառողների և Երաշխիքային գրառումների տվյալների մասով Գործընկերը հանդես է գալիս որպես անձնական տվյալներ մշակող, իսկ Կատարողը՝ նրա հանձնարարությամբ մշակումն իրականացնող լիազորված անձ։ Հաշվառման, անվտանգության և սեփական իրավական պարտավորությունների համար Կատարողը կարող է հանդես գալ որպես ինքնուրույն անձնական տվյալներ մշակող։
12.2.Գործընկերը պատասխանատու է օրինական հիմքի, թափանցիկ ծանուցման և Սպառողների իրավունքների առաջնային սպասարկման համար։ Կատարողը Գործընկերոջը տրամադրում է ողջամիտ տեխնիկական աջակցություն։
12.3.Կատարողը հավաքում է՝ ա) օգտատիրոջ էլ․ փոստի հասցեն գրանցման և մուտք գործելու համար։ Յուրաքանչյուր օգտվող ունի հաշիվ՝ Հարթակ մուտք գործելու համար; հեռախոսահամարներ, Սպառողների անուններ, ընկերության ՀՎՀՀ-ն և հասցեն, ներկայացուցիչների և աշխատակիցների անունները, պաշտոնները և կոնտակտային տվյալներ բ) Երաշխիքային օբյեկտի և Երաշխիքային գրառման տվյալներ, գ) տեխնիկական և օգտագործման տվյալներ՝ սարքի տեսակ, օպերացիոն համակարգ, IP հասցե, բրաուզերի տեսակ և օգտագործման վիճակագրություն՝ ծառայության բարելավման համար, դ) վճարումների և բաժանորդագրությունների տվյալներ։
12.4.Կատարողը օգտագործում է հավաքված տվյալները`
- ա) որակյալ և ճշգրիտ ծառայությունների տրամադրման համար։
- բ) Հարթակ ապահով մուտք գործելու և օգտագործման սահմանաչափերը (միավորներ) կառավարելու համար։
- գ) Ծառայության բարելավման, մոնիթորինգի և անվտանգության համար։
- դ) Գործընկերոջ հետ կապ հաստատելու համար թարմացումների, աջակցության և (վերջինիս համաձայնությամբ) գովազդային բովանդակության վերաբերյալ։
12.5.Կատարողը կարող է պահել անանուն և համախմբված վիճակագրական տվյալներ վերլուծական նպատակներով։
12.6.Վճարումների, հաշիվ-ապրանքագրերի և բաժանորդագրության գրառումները պահվում են հաշվապահական, հարկային և օրենսդրությամբ պահանջվող ժամկետներում, ինչը կարող է լինել ավելի երկար, քան օգտահաշիվը։
12.7.Կատարողը սույնով հաստատում է, որ չի տրամադրում, վաճառում կամ կիսվում հավաքագրված անձնական տվյալներով որևէ երրորդ անձի, բացառությամբ սույն Օֆերտայով նախատեսված դեպքերի։ Անձնական տվյալները կարող են տրամադրվել միայն հետևյալ դեպքերում՝ ա) Գործընկերոջ համաձայնությամբ; բ) իրավասու պետական մարմնի օրինական պահանջով, գ) վճարային ծառայություն մատուցողի հետ՝ միայն վճարման համար անհրաժեշտ տվյալները, և դ) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ դեպքերում։
13Անվտանգություն և միջադեպեր
13.1.Յուրաքանչյուր Կողմ պաշտպանում է իր վերահսկողության տակ գտնվող համակարգերը, հաշիվները և կապի միջոցները՝ ռիսկին համարժեք միջոցներով։ Ոչ մի Կողմ չի երաշխավորում բացարձակ անվտանգություն։
13.2.Կատարողը Գործընկերոջ տվյալներին առնչվող հաստատված անվտանգության միջադեպի մասին հայտնում է առանց անհարկի ձգձգման՝ տրամադրելով իրեն հայտնի միջադեպի բնույթը, հնարավոր ազդեցությունը և ձեռնարկված քայլերը։
13.3.Գործընկերը նույն կարգով հայտնում է իր օգտահաշվի, աշխատակցի կամ սարքի խախտման մասին և համագործակցում է վնասը սահմանափակելու համար։
14Հավաստումներ և համապատասխանություն
14.1.Յուրաքանչյուր Կողմ հավաստում է, որ գործունակ է և ունի Պայմանագիրը կնքելու ու կատարելու իրավասություն։
14.2.Օգտագործելով Հարթակը Գործընկերը հաստատում և երաշխավորում է, որ ունի բոլոր անհրաժեշտ իրավունքները, թույլտվությունները և օրինական լիազորությունները ծառայություններից օգտվելու համար:
14.3.Գործընկերը պահպանում է սպառողների պաշտպանության, գովազդի, առևտրի, հարկերի և մտավոր սեփականության իր ապրանքին/ծառայությանը կիրառելի պահանջները։
15Կասեցում և հասանելիության սահմանափակում
15.1.Կատարողը կարող է համաչափորեն կասեցնել նոր Երաշխիքային գրառումների թողարկումը կամ այլ գործառույթներ, եթե՝ (ա) վճարումը ժամկետանց է 9.5 կետով սահմանված արտոնյալ ժամկետից ավելի, (բ) առկա է անվտանգության էական վտանգ, (գ) օգտագործումը ակնհայտ ապօրինի է կամ խախտում է երրորդ անձի իրավունք, (դ) դա պահանջում է իրավասու մարմինը, կամ (ե) առկա է սույն Օֆերտայի էական խախտում։
15.2.Բացառությամբ անհետաձգելի անվտանգության կամ իրավական դեպքերի, Կատարողը նախապես տալիս է առնվազն 3 (երեք) աշխատանքային օրվա ծանուցում և ուղղման հնարավորություն։ Կասեցումը սահմանափակվում է խնդրի լուծման համար անհրաժեշտ ծավալով ու տևողությամբ և չի վերացնում Գործընկերոջ արդեն ստանձնած երաշխիքային պարտավորությունները։
16Գործողության ժամկետ, պլանի փոփոխություն և դադարեցում
16.1.Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Ակցեպտի պահից և գործում է անժամկետ՝ մինչև Կողմերից որևէ մեկի կողմից սույն բաժնով սահմանված կարգով դադարեցումը։
16.2.Գործընկերը կարող է ցանկացած պահի Հարթակի ինքնասպասարկման գործիքով հրաժարվել ծառայությունից՝ վճարելով մինչ դադարեցման օրը մատուցված ծառայությունների արժեքը։
16.3.Կատարողը կարող է դադարեցնել Պայմանագիրը Գործընկերոջ էական խախտման դեպքում, եթե խախտումը չի վերացվել գրավոր ծանուցումից հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև անհետաձգելի անվտանգային կամ ապօրինի օգտագործման կամ հակաիրավական գործողությունների հայտնաբերման դեպքում՝ անհապաղ։
16.4.Դադարեցման պահին բոլոր անվիճելի գումարները դառնում են վճարման ենթակա։ Դադարեցումից հետո Գործընկերոջ բովանդակությունը պահպանվում է Գաղտնիության քաղաքականությամբ նշված ժամկետով, ապա ջնջվում կամ անանունացվում է՝ բացառությամբ իրավական պահպանման պարտավորության և արդեն թողարկված երաշխիքների ապացուցողական անհրաժեշտության։
16.5.Կողմերն ազատվում են Պայմանագրով պարտավորությունների մասնակի կամ ամբողջական չկատարման համար պատասխանատվությունից, եթե այդ չկատարումը եղել է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք, որոնք առաջացել են Պայմանագրի կնքումից հետո՝ արտակարգ բնույթի իրադարձությունների արդյունքում, որոնք Կողմերը չէին կարող կանխատեսել և/կամ կանխարգելել ողջամիտ միջոցներով։ Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի գրավոր ծանուցմամբ դադարեցնել պայմանագիրը, եթե անհաղթահարելի ուժը շարունակվում է ավելի քան 30 օր։
17Պատասխանատվություն
17.1.Յուրաքանչյուր Կողմ պատասխանատու է իր կողմից Պայմանագրի խախտմամբ մյուս Կողմին պատճառված իրական վնասի համար։ Ընդ որում Կողմի պատասխանատվությունը մեկ պայմանագրային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա ընթացքում Կատարողին փաստացի վճարված ծառայությունների վարձատրության գումարի 50%-ը։
17.2.Կատարողը իրավունք ունի ձեռնարկել համապատասխան իրավական գործողություններ ծառայության չարաշահման կամ չարտոնված առևտրային շահագործման դեպքում: Կատարողը կարող է դիմել համապատասխան կառույցներին պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
17.3.Գործընկերը պատասխանատու է Կատարողին երրորդ անձանց կողմից ներկայացված հիմնավորված պահանջների համար, որոնք ծագել են Գործընկերոջ ապրանքի/ծառայության, երաշխիքային պարտավորության չկատարման կամ ապօրինի բովանդակության հետևանքով։
17.5.Գործընկերը պատասխանատու է Հարթակին տրամադրված ցանկացած տեղեկատվության կամ բովանդակության ճիշտ, ամբողջական և օրինական լինելու համար։
18Ծանուցումներ և էլեկտրոնային ապացույցներ
18.1.Բոլոր ծանուցումները ուղարկվում են Գործընկերոջ՝ Հարթակում գրանցված պաշտոնական էլ. փոստին։ Էլ. փոստի փոփոխությունն ուժի մեջ է մյուս Կողմի ստացումը հաստատելուց հետո։
18.2.Հարթակի գրանցամատյանները, ժամանակային նշումները, օգտահաշվի գործողությունները և հաշվարկային գրառումները կարող են ծառայել որպես էլեկտրոնային ապացույց։
19Կիրառելի իրավունք և վեճերի լուծում
19.1.Պայմանագիրը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։
19.2.Վեճի դեպքում Կողմերը նախ փորձում են այն լուծել բանակցությամբ՝ գրավոր պահանջի ստացումից 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում։ Համաձայնության բացակայության դեպքում վեճը ենթակա է քննության ՀՀ իրավասու դատարաններում։
20Օֆերտայի փոփոխություն և հրապարակում
20.1.Կատարողն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանիորեն թարմացնել սույն Օֆերտայի պայմանները՝ փոփոխությունները հրապարակելով Հարթակում և ծանուցելով Գործընկերոջը գրանցված էլ. փոստին առնվազն 15 (տասնհինգ) օր առաջ։
20.2.Փոփոխությունները տարածվում են միայն դրանց ուժի մեջ մտնելուց հետո ձևավորվող Հաշվարկային ժամանակաշրջանների վրա. ընթացիկ Հաշվարկային ժամանակաշրջանի սակագների նկատմամբ կիրառվում է 9.3 կետը։
20.3.Եթե Գործընկերը համաձայն չէ փոփոխությանը, նա իրավունք ունի մինչև դրա ուժի մեջ մտնելը դադարեցնել Պայմանագիրը 16-րդ բաժնով սահմանված կարգով. հակառակ դեպքում փոփոխություններից հետո Հարթակի շարունակական օգտագործումը համարվում է դրանց կոնկլուդենտ ընդունում։
21Եզրափակիչ դրույթներ
21.1.Սույն Օֆերտան և Հարթակում հրապարակված հարակից փաստաթղթերը կազմում են Կողմերի ամբողջական համաձայնությունը առարկայի վերաբերյալ։
21.2.Դրույթի անվավերությունը չի ազդում մյուս դրույթների վրա։ Կողմերից ոչ մեկը չի փոխանցում Պայմանագիրը առանց մյուսի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ վերակազմակերպման կամ բիզնեսի փոխանցման դեպքերի։
21.3.Բաժիններ 8, 9, 10, 11, 12, 16, 17, 18 և 19-ը և իրենց բնույթով շարունակվող մյուս դրույթները մնում են ուժի մեջ սույն օֆերտայով նախատեսված իրավահարաբերությունների դադարեցումից հետո։
Կատարողի պաշտոնական տվյալները
- Կատարողի լրիվ անվանում
- «ԱԹԵՆԱՍՈՖԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
- ՀՎՀՀ
- 08336209
- Պետական գրանցման համար
- 999.110.1615519
- Իրավաբանական հասցե
- ՀՀ, ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փ. 8/1 շենք, բն. 60, 0014
- Էլ. փոստ
- info@guarantor.am